AM
15 June 2017 - 07:55 AMT

Երկակի նշանակության ապրանքների արտահանման-ներմուծման մասով վարչարարությունը կպարզեցվի

Հունիսի 15-ի կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել երկակի նշանակության ապրանքների արտադրության և արտահանման վարչարարության պարզեցման վերաբերյալ:

«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործում շատ կարևոր է ստեղծել նման արտադրանքի արտահանման և ներմուծման բարենպաստ թափանցիկ պայմաններ: Մեր կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման դեպքում գործող ընթացակարգերը հստակ և կանխատեսելի չեն տնտեսվարողների համար, ինչպես նաև ժամանակատար են»,- ասել է Կարապետյանը` հավելելով, որ պարզեցնել վարչարարությունը և փաստաթղթաշրջանառությունը:

Նա հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, կապի, տրանսպորտի և ՏՏ, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահին կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություններ երկակի նշանակության ապրանքնեռրի արտահանման և ներմուծման դեպքում վարչարարության պարզեցման վերաբերյալ, գրում է Yerkir.am-ը:

Երկակի նշանակության ապրանքները (հսկվող ապրանքներ) այն ապրանքներն են, որոնք կիրառվում են քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար: