AM
23 Հունիս 2017 - 08:38 AMT

€100.000 սիրիաբնակ հայերին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից

Հունիսի 20-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հանձնախումբը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրոյին համարժեք գումար է նվիրաբերել: Գումարի նվիրատվությունն իրականացել է Լիբանանի Անթիլիաս քաղաքում տեղակայված Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջոցով:

2012-ից 2016 թվականներին սիրիահայության աջակցության նպատակով Հիմնադրամ հանգանակած ընդհանուր գումարը կազմել է մոտ 396 միլիոն դրամ: Հասույթի գերակշիռ մասը ձևավորվել է Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ Արևմտյան շրջանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Լիբանանի, Շվեդիայի, Հոլանդիայի հանձնախմբերի` Հեռուստամարաթոն 2012-ի և 2013-ի շրջանակում հավաքագրված գումարներից:

Հայաստանում հանգանակություններն ուղղվել են բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը. սիրիահայերին Հայաստան տեղափոխելու նպատակով գործարկվել է չարթերային 2 չվերթ, փոխհատուցվել է 120 սիրիահայ ուսանողի ուսման վարձը, 39 սիրիահայի սրտի վիրահատության գումարը, 19 ընտանիքի բուժման ծախսերը:

Սիրիայում հանգանակությունների միջոցով փոխհատուցվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչների աշխատավարձը, ինչի շնորհիվ վարժարանները պատերազմական ծանրագույն պայմաններում շարունակում են մինչ օրս աշխատել: Ըստ իրավիճակի անհրաժեշտության՝ սիրիաբնակ հայերի համար կատարվել են մի շարք այլ օժանդակ ծրագրեր: