2017 թ. առաջին եռամսյակում Լոռու մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 31.9 մլրդ, իսկ գյուղատնտեսական համախառն ներքին արդյունքի ծավալը՝ 5.3 մլրդ ՀՀ դրամ: Այս տվյալները ներկայացրել է մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Նա նշել է, որ աճ է արձանագրվել շինարարության ծավալի մեջ:
Բացի այդ, ներկայացվել է 25 ներդրումային բիզնես ծրագիր՝ մոտ 10 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: 25 ծրագրից 3-ն արդեն հավանության է արժանացել: Արթուր Նալբանդյանը ներկայացրել է Լոռու մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները՝ արդյունաբերություն, արտահանման խթանում, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն և փոքր ու միջին ձեռնարկությունների ստեղծում՝ նշելով, որ մարզն ունի այս ոլորտների զարգացման համար անհրաժեշտ ներուժը:
«Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որոնք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչով կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին:
Համայնքների բյուջեների կատարողականի առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է, որ թերպլանավորման տեղ կա, որովհետև համայնքի բյուջեն ավելացնելու մոտիվացիա չի եղել: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Լոռու մարզպետին՝ ներկայացնել համեմատական վերլուծություն համայնքների բյուջեների պլանավորման և կատարողականի վերաբերյալ:
Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ:
«Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», – ասել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև ներկայացվել են մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական և քաղաքաշինության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: