«Ցավոք, այսօր չկա ակտիվ բանակցային գործընթաց, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է պատրաստ լինենք բանակցությունների վերսկսմանը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հայտարարել է երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ավարտին: Նրա խոսքերով` «Ստեփանակերտը որոշակի մոտեցումներ ունի կարգավորման ներկայիս փուլի առնչությամբ, որոնք էլ ներկայացվել են միջնորդներին»: Լեռնային Ղարաբաղի ղեկավարը նշել է, որ միջազգային միջնորդների հետ հանդիպմանը շոշափվել է նաեւ բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի ակտիվ մասնակցության հարցը: «Վստահ եմ, որ դա կիրականանա, քանզի բանակցություններին առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավման` համաձայնության հասնել հնարավոր չէ»,- ընդգծել է Արկադի Ղուկասյանը: