AM
26 September 2002 - 17:18 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ՕԳՏԻՆ

«Հայաստանի ղեկավարությունը տրամադրված է շարունակել ղարաբաղյան կարգավորման բանակցությունները եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին»: Այդ մասին այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Նրա խոսքերով, հանդիպումը տեւել է 1 ժամ 10 րոպե: «Մեզ ոգեշնչում եւ հույս է տալիս այն, ինչ մեզ այսօր ասել է Հայաստանի նախագահը», – հայտարարել է Տրուբնիկովը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների հանդիպումները «դրական դեր են խաղում եւ մեծ աջակցություն են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: «Անկասկած, նախընտրական իրադրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում իր հետքն է թողնում խաղաղ գործընթացի տեմպերի վրա, սակայն ամենակարեւորը կայանում է նրանում, որ խաղաղ գործընթացը շարունակվում է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը սահմանամերձ Սադարակ ավանում դրա ապացույցն է», – ասել է ռուսաստանցի դիվանագետը: