Կառավարությունը օգոստոսի 3-ի նիստում հաստատել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացված՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Սյունիքի մարզում ԻԻՀ հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները մեկնարկել էին 2017-ին։
Ըստ հաղորդագրության, Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ինչպես նաև միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:
Ազատ տնտեսական գոտին փուլերով է կառուցվելու: Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսակետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ այլ շուկաներ (մասնավորապես իրանական շուկա) մուտք գործելու համար։ Այն հարթակ կդառնա Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար։
Ընկերության ստեղծման նպատակն է նպաստել ազատ տնտեսական գոտու մեկնարկի արագացմանը, ազատ տնտեսական գոտու ներուժի առավելագույն լուսաբանմանը և օգտագործմանը, համաշխարհային գործարար հատվածի և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը.