AM
14 August 2017 - 08:37 AMT

ՀԱԷԿ-ին նոյեմբերին կսկսեն սարքավորումներ մատակարարել

2017-ի նոյեմբերին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան կմեկնարկի։ Այդ մասին հայտնում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սարքավորումների փոխարինման նպատակով այժմ մրցույթների են անցկացվում ու պայմանագրեր կնքվում: Նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը:

«Այժմ մշակվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը»,- նշել է Հայկ Բադալյանը։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնգրով տրամադրված $270 մլն վարկային և $30 մլն դրամաշնորհային միջոցներով: