Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների միջեւ բանակցություններ են ընթանում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում միմյանց հասցեին քննադատություններից ձեռնպահ մնալու շուրջ: Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ում տեղի կունենան լսումներ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի զեկույցը, որը հայտնի է որպես «Գրոսի եւ Կասանի զեկույց», լուրջ դիտողություններ է պարունակում պաշտոնական Բաքվի դիրքորոշումների վերաբերյալ: Այդ առնչությամբ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ իրավական եւ քաղաքական հանձնաժողովների հետ կուլուարային բանակցություններ է վարում Ադրբեջանի առնչությամբ Գրոսի եւ Կասանի զեկույցի կետերի մեղմացման, մասնավորապես, քաղբանտարկյալների հարցի, շուրջ: