Երևանի կոնյակի գործարանը կմեկնարկի խաղողի մթերման աշխատանքները սեպտեմբերի 15-ին Արմավիրի մասնաճյուղում: Սեպտեմբերի 16-ին գործընթացին կմիանա ընկերության Այգավանի մասնաճյուղը: Բերդի մասնաճյուղում խաղողի մթերման աշխատանքերի մեկնարկի օրվա մասին կհայատարարվի լրացուցիչ:
Ընկերությունից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում խաղողագործության հարցը, ԵԿԳ-ն պատրաստ է մթերել սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի և ԵԿԳ-ի որակական չափանիշներին համապատասխանող բերքի 100%-ը:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 30.000 տ խաղող, ինչի համար տրամդրելու է մոտ 4 մլրդ դրամ:
Հավատարիմ մնալով վճարումների կազմակերպման իր բազմամյա մոտեցմանը՝ այս տարի ևս յուրաքանչյուր գյուղացուն գումարը ԵԿԳ-ն կփոխանցի խաղողը հանձնելուց հետո՝ երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 130 ՀՀ դրամ բոլոր մասնաճյուղերի համար: Նշենք, որ նախորդ տարիներին Բերդի մասնաճյուղում ԵԿԳ-ի կողմից մթերվող խաղողի համար վճարվում էր 10 դրամով ցածր գին, քանի որ տվյալ տարածաշրջանի խաղողի շաքարայնությունը առավել ցածր է:
Ընկերությունը շարունակելու է բուժանյութերի ապառիկ տրամադրման ծրագիրը, որը կազմել է ավելի քան 266 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում ընկերության հետ գործակցող գյուղացիները կարող են անտոկոս ապառիկ կարգով ստանալ բոլոր անհրաժեշտ բուժանյութերը՝ մարելով գումարները խաղողի մթերման ժամանակ:
Երևանի կոնյակի գործարանը շարունակում է 2013 թվականին ներդրված բազմամյա պայմագրերի ծրագիրը, որոնց ընդհանուր թիվը այս պահին 453 է: