AM
8 Սեպտեմբեր 2017 - 11:10 AMT

Yamaka. Հայկական հավելվածն օգնում է աուտիզմով երեխաներին ինքնուրույն դառնալ

Աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին համար նախատեսված Yamaka բջջային հավելվածը հանրությանը կներկայացվի մոտ 1 ամսվա ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց Կոլբա լաբ ինկուբատորի ներկայացուցիչ Հասմիկ Սողոմոնյանը՝ նշելով, որ ներկայումս պատենտավորման և մտավոր սեփականության ձևակերպման հետ կապված որոշ իրավաբանական գործընթացներ են իրականացվում:

Բջջային հավելվածը ներառում է պատկերազարդ սոցիալական պատմություններ, որոնք զարգացնում են երեխայի հաղորդակցության հմտություններն ու օգնում ինքնուրույն կատարել որոշակի գործողություններ: Այն օգնում է աուտիզմի սպեկտրի խանգարումներն ունեցող երեխաներին ավելի ինքնավստահ և ինքնուրույն լինել իրենց առօրյա կյանքում:

Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը բերում է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության տարբեր աստիճանների դժվարությունների։ Աուտիզմով տառապող երեխաները, ինչպես նաև մեծահասակները, սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ, որն իր հերթին հանգեցնում է առօրյա գործողությունների ոչ ինքնուրույն կատարմանը կամ պարզապես բացակայությանը։

Բջջային հավելվածի գաղափարի հեղինակը Գայանե Հովհաննիսյանն է, որն աշխատել է հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված Խարբերդի պետական մանկատանը: Փորձելով արձագանքել իր աշխատանքում ամենահաճախ հանդիպող խնդրին՝ Գայանեն առաջարկել է տեխնոլոգիական լուծում մշակելու գաղափարը: Առօրյա կյանքում մարդիկ անում ենք բազմաթիվ պարզունակ գործողություններ, ինչպիսիք են լվացվել, հագնվել, շփվում ենք մեր ընկերների հետ և այլն, որոնք դժվար հասանելի գործողություններ են աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց համար:

Բջջային հավելվածն ունի յուրաքանչյուր գործողությանը ուղեկցող համապատասխան պատկերազարդում, որը կհեշտացնի գործողության իրականացման վրա կենտրոնանալն և ավարտելը: Հավելվածը բարդ գործողությունները կներկայացնի մանր գործողությունների տեսքով, ինչը կօգնի օգտատերերին (երեխաներին) լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում և հասնել մաքսիմալ շփման շրջակա միջավայրի հետ։ Հավելվածի առաջնային տարբերակը շուտով հասանելի կլինի Android համակարգով աշխատող հեռախոսների համար: «Սոցիալական պատմություններից» բացի, հավելվածը կարող է հնարավորություն տալ ծնողներին հետևել երեխաների քայլերին՝ նրանցից հեռու լինելով։

Հավելվածի նախատիպը մշակվել է 2016-ի ամռանը կայացած «Առողջապահության թեմայով սոցիալական նորարարության ճամբարի» ընթացքում, որտեղ Գայանեն իր գաղափարի շուրջ համախմբել էր հոգեբանների, ծրագրավորողների, շուկայագետների և այլ մասնագետների: Մրցույթի արդյունքում Yamaka բջջային հավելվածը երեք հաղթող գաղափարներից էր, որոնք հնարավորություն ստացան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը և գաղափարի իրականացման համար աջակցություն ստացան Եվրոապական միությունից:

Կոլբա լաբն աջակցում է ակտիվիստների ու ձեռներեցների, ինչպես նաև կառավարման համակարգում աշխատող առաջադեմ մասնագետների, ովքեր հասկանում են հասարակության խորքային խնդիրներն ու մտահոգ են դրանց լուծմամբ: