AM
27 September 2017 - 10:49 AMT

Twitter-ը նիշերի քանակը թվիթներում կհասցնի 280-ի

Twitter միկրոբլոգն առաջիկայում կարող է կրկնապատկել թվիթների նիշերի քանակը՝ 140-ից հասցնելով 280-ի: Ինչպես ասվում է սեպտեմբերի 27-ին տարածված հաղորդագրության մեջ, դա կարող է դրական արդյունք ունենալ: Սկզբնական փուլում թվիթների ծավալների ավելացումը կփորձարկվի օգտատերերի մի փոքր խմբի մասնակցությամբ, որից հետո, հավանաբար, որոշում կկայացվի բոլորի համար այդ հնարավորությունը հասանելի դարձնելու վերաբերյալ:

Թեստավորումն անցնելու է բոլոր լեզուներով, չինարենից, ճապոներենից ու կորեականից բացի, քանի որ այդ լեզուների առանձնահատկությունների շնորհիվ կարելի է ավելի մեծ բովանդակությունն ամենաքիչ նիշերով արտահայտել, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ընկերության ղեկավար Ջեկ Դորսին հայտարարել էր, որ Twitter-ը նախկինի պես կողմնորոշված է կարճ հաղորդագրությունների: Սակայն ավելի ուշ Դորսին կամային համարեց 140 նիշի սահմանափակումը՝ նշելով, սակայն, որ օգտատերերը դեռ պետք է ընտելանան նոր ձևաչափին:

Օգտատերերի շրջանում արձագանքը միանշանակ չէր, մի մասը կողմ է արտահայտվել, մի մասը՝ քննադատել: