AM
27 September 2017 - 10:32 AMT

Վարչապետ. ՏՏ ոլորտում տարեկան միջինը 20-22% աճ կա, սակայն տեմպերը կարող են ավելին լինել

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ: այդ մաիսն հայտարարել է ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանը «ԱրմԹեք 2017» 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը:

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՏՏ ոլորտը, կարևորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», – իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը»,-ասել է նա:

Վարչապետը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը:

Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», – նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է նաև տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ: «Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում:

Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», – ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՏՏ ոլորտի օրինակով ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է իրականացնում նաև ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական այլ ուղղությունների զարգացման նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով։ «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու և ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային և տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը:

Մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ և համարձակ լինել, որովհետև մենք հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն: Շատ ակտիվ եղեք նաև կրթական համակարգում: Մենք հայտարարել ենք, որ կրթական համակարգի կառավարումը կարող ենք տրամադրել ձեզ, եթե հաշվի ենք առնում, որ ոլորտի զարգացման համար դա մեր նեղ տեղերից է», – խոսքը եզրափակել է վարչապետ Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին: Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն: Նախատեսվում է, որ «ԱրմԹեք 2017»-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: