Կառավարությունը սեպտեմբերի 28-ին հաստատել է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը, որով մոտ 1 միլիարդ դրամի օժանդակություն կտրամադրվի սահմանամերձ գյուղերի 58.000 բնակչի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Ըստ նախարարի, սահհմանամերձ 37 բնակավայրի բնակիչները ծրագրի շնորհիվ գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրները կլուծեն, հայտնում է Aysor.am-ը:
«Որոշման նախագիծն իրենից ներկայացնում է բյուջեի հավելված, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով», -ասել է նախարարը: Դավիթ Լոքյանն ասել է, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով:
Դավիթ Լոքյանը նշել է, որ սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունել է օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվել է մինչև 2021 թվականը,
«Պարոն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, ինչքան հիշում եմ, գազի ու կիլովատտի սակագների մեջ կարգավորումը որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել», – դիմելով Ֆինանսների նախարարին՝ հետաքրքրվել է վարչապետը:
«Սա այն հերթական ծրագրերից է, որն, ըստ օրենքի պահանջի, մենք պետք է ներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը», -արձագանքել է Վարդան Արամյանը:
Իրականացվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խմ ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում:Ըստ ծրագրի՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խմ բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Փոխհատուցվում է նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսը, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարները: