Ատոմային ոլորտում կադրերի երիտասարդացման կենսական անհրաժեշտություն կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:
Նիստից առաջ Սարգսյանն ընդունել է նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահը և ԱԷԱԽ նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև ՀԱԷԿ-ի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատանքների ընթացքին:
Հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:
Նախագահը ներկայացրել է խորհրդի նորանշանակ նախագահ Միրոսլավ Լիպարին, որը 2001 թվականից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ատոմային ոլորտի բազմաթիվ կառույցներում:
Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Նախագահն ընդգծել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:
«Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում:
ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման համար ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին և այդ ծրագրի ֆինանսավորման նպատակով դրամաշնորհի տրամադրման համաձայնագրերը:
Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ: 2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են»,- ասել է Սարգսյանը:
Նախագահը տեղեկացրել է, որ ծրագրվում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ հիմքի վրա ստեղծել Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ազգային օպերատոր:
Նախագահ հավաստմամբ, ՀՀ-ն շարունակում է իրականացնել կանոնակարգման հարցերի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության խորհրդատվությունն ու առաջարկությունները:
Խոսելով ԱԷԿ հուսալի և անվտանգ աշխատանքի ապահովմանն ուղղված ծրագրային միջոցառումների իրականացման մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև վարժասարքի լիամասշտաբ արդիականացման ծրագրի անհրաժեշտությունը, որին նախորդ նիստում ևս անդրադարձ է եղել: «Այդ նախագծի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա հունվարին: Ներկայումս փաստաթղթեր են նախապատրաստվում երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար մրցույթ հայտարարելու նպատակով:
Մենք առաջնային նշանակություն ենք տալիս ատոմային ոլորտում կադրային քաղաքականությանը: Կադրերի նորացման, երիտասարդության ներգրավման կենսական անհրաժեշտություն կա` այդ ընթացքում պահպանելով, իհարկե, ժառանգականությունը: Նշված պատճառով էլ մասնագետների պատրաստումը կարևորագույն խնդիր է, որի լուծումը կնպաստի երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքների պահպանմանը»,- ասել է նախագահը:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում այնուհետև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը, որից հետո ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2015-2017թթ. ժամանակահատվածի համար: Ներկայացված զեկույցների վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ: