AM
23 September 2002 - 17:44 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական հարցերից մեկը կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` Մոսկվա մեկնելուց առաջ: «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եւ, հետեւաբար, Ռուսաստանի նախագահի հետ զրույցների ընթացքում այս հարցը միշտ քննարկվում է», – նշել է Ալիեւը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը կազդի հակամարտության կարգավորման վրա եւ արդյո՞ք այն խոչընդոտ չի հադիսանա այն դեպքում, եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություններ սկսել Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ, Ալիեւը հայտարարել է, որ նավթամուղի շինարարությունը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակցված չեն: «Ինչ վերաբերվում է նրան, որ նավթատարը կարող է խոչընդոտ հանդիսանալ ռազմական գործողությունների համար, ապա դա ապագայի հարց է: Սակայն եթե առաջանա նման գործողություն անցկացնելու անհրաժեշտություն, Ադրբեջանը կգտնի հնարավորություններ դրա համար», – նշել է Ալիեւը: