Մոտ ժամանակներս կկայանա Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի այցը Հայաստան: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը: Նրա խոսքերով, այցի ստույգ ժամկետները ճշտվում են դիվանագիտական ուղիներով: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ եւ մի շարք փաստաթղթերի ստորագրում: Մասնավորապես, դեսպանի խոսքերով, սպասվում է սեյսմոլոգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագրի, ինչպես նաեւ Հայաստանին թուրքմենական գազի մատակարարումների մասին համաձայնագրի ստորագրում: Արամ Գրիգորյանը ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների միջեւ ձեւավորվել է անհրաժեշտ պայմանագրա-իրավական բազա, որը թույլ է տալիս լայն համագործակցություն ծավալել: