AM
4 November 2017 - 11:44 AMT

Շաբոյան. Շաքարավազի գինն իջել է մրցակցության ուժեղացման և խորացման արդյունքում

Հայաստանում շաքարավազի սակագնի 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է եղել, և շաքարավազի շուկայում դա պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ», – ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ներկայում մոտ 50 ընկերություն շաքարավազ է ներկրում:

«Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», – նշել է Շաբոյանը:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում շաքարավազի սպառման՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: