Եվրամիություն ապրանք արտահանելու գործընթացը 2018-ից կպարզեցվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Նա հիշեցրել է, որ Եվրամիության հետ գործող GSP+ համակարգը և Առևտի համաշխարհային կազմակերպության շրջանակում ԵՄ հետ գործող MFN ռեժիմը թույլ են տալիս գրեթե հայկական արտադրանքի գրեթե 90%-ը զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ, հայտնում է Aysor.am-ը:
Փոխնախարարը կարևորել է, որ 2018-ի հունվարի 1-ից կիրառվելու է արտահանողների գրանցված համակարգ: «Ապրանք արտահանելու և GSP+ ընձեռած հնարավորություններից օգտվելու համար մեր կազմակերպությունները ներկայումս պետք է ունենան ծագման սերտիֆիկատ, իսկ 2018-ի հունվարից ՀՀ-ում գործող կազմակերպությունները, ապրանք արտահանելիս ԵՄ, կարող են գրանցվել այս համակարգում և առանց ծագման սերտիֆիկատի ապրանք արտահանել ԵՄ՝ միաժամանակ օգտվելով համակարգի ընձեռած արտոնություններից », – ասել է Մելքոնյանը:
Նա հավելել է, որ որպեսզի անցումը սահուն լինի, 2018-ին զուգահեռ գործելու է ապրանքների սերտիֆիկատներով արտահանման գործընթացը, բայց սա դրական նշանակություն կունենա այն փոքր ու միջին տնտեսվարողների համար, ովքեր ստիպված են լինում ամեն փոքր խմբաքանակի համար ունենալ սերտիֆիկատ: Փոխնախարարը նշել է, որ առաջիկայում նախարարությունն ավելի մանրամասն կներկայացնի ընթացակարգը:
«Միայն GSP+ շրջանակում 6400 ապրանքի մասով հնարավոր է դրանք զրոյական մաքսատուրքով արտահանել ԵՄ շուկա, ինչը էական գրավչություն է ու կարևոր գործիք ներդրողների համար», – նշել է Մելքոնյանը:
Փոխնախարարը կարևորել է նաև բյուջետային աջակցության շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ նշելով, որ դրա շրջանակում այս պահին 6 տարբեր համաձայնագրերով տարբեր ոլորտներում իրականացվում են ոլորտային բարեփոխումներ:
«ԵՄ աջակցությամբ ՀՀ-ն կարողանում է իրականացնել բարեփոխումներ տարբեր ոլորտներում: 2016-ին բյուջետային աջակցության մասով ամենաբարձր գումարային հատկացումն ենք ստացել, որը տրվել է երկրի բյուջեին 27,5 մլն եվրոյի սահմաններում: Այս տարի նախատեսվում է 15-17 մլն եվրոյի բյուջետային հատկացում ստանալ», – հավելել է նա: