ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և ռուսական «Վիս» շինարարական ընկերությունը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները, այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։
Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն:
Նախագիծը դեռ քննարկման փուլում է, յուրաքանչյուր հետաքրքրված ընկերություն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելու է իր առաջարկն ու պայմանները։






