Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Եվրախորհուրդը փորձում է Հայաստանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանը հայտնել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ սեպտեմբերի 26-ին քննարկվելիք ԵԽԽՎ-ի դիտարկման հանձնաժողովի զեկույցներում կան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող դրույթներ, որոնց ձեւակերպումները կրկնում են ադրբեջանական կողմի տերմինալոգիան: Մասնավորապես խոսքը գնում է «գրավված տարածքներ», «տարածքային հակամարտություն» եւ այլ ձեւակերպումների մասին: Ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն գործառության մեջ է դրել այդ տերմինալոգիան` նպատակ ունենալով համոզել միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը, իբրեւ թե, հակամարտություն է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ռուստամյանի խոսքերով` հայկական կողմի ջանքերը փոխել կամ հանել այդ տերմինալոգիան` ապարդյուն են եղել: Հաջողվել է միայն մտցնել որոշ ավելացումներ Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որում «տարածքային հակամարտություն» արտահայտությունից հետո ավելացվել է «եւ այլ հարցեր, որոնք քննարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»: Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում այդ փոփոխությունները չեն մտցվել: Հայ խորհրդարանականն ընդգծել է, որ նման տերմինալոգիան ունի ենթատեքստ եւ վերաբերում է անմիջապես հակամարտության էությանը, մինչդեռ ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ Եվրախորհրդին հատկացված է միանշանակ դեր` հետեւել, որպեսզի հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ըստ էության, Եվրախորհուրդը վերազանցել է իր լիազորությունները: Ավելին, Եվրախորհուրդն առանձնացնելով Լեռնային Ղարաբաղի հարցը եւ նշանակելով ԼՂՀ-ի վերաբերյալ զեկուցող` այդպես էլ նպատակահարմար չի գտել դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղում: