Պաշտոնապես գործարկվել է Թումոյի և Եվրոպական միության համատեղ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը, որի նպատակն է գիտելիքներ փոխանցել մարդկանց կոռուպցիայի դրսևորումների մասին, օգնել դրա դեմ պայքարի լուծումներ մշակել և անհանդուրժողականություն ձևավորել երևույթի նկատմամբ:
«Նետոյի առասպելը» խաղացողներին առաջարկում է «Նետո» մոլորակում դարերի վաղեմություն ունեցող կոռուպցիոն խնդիրների լուծման տարբերակներ, ստեղծում զանազան իրավիճակներ, որոնցից դուրս գալու լուծումներ է հարկավոր գտնել՝ փորձելով շրջանցել կոռուպցիոն գործարքները, բացահայտել կամ դատապարտել նման դեպքերը:
Խաղի ստեղծագործական թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով հիմնախնդրի վերաբերյալ մարդկանց ուշադրությունը գրավող հետաքրքրաշարժ հարթակ ստեղծել:
Նախագծի հեղինակներից Աստղիկ Հարությունյանի խոսքով՝ գաղափարը կարող է երիտասարդությանը ցույց տալ ճանապարհ, որով քայլելու դեպքում կկարողանանք առանց կոռուպցիայի հասարակություն ունենալ:
Խաղն անվճար է, այն հասանելի է App Store-ում և Google Play- ում:
Նախագիծն արժանացել է մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է «Լավագույն ստեղծարար նորարարություն» մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում: Օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվել է «Տարվա երիտասարդություն»՝ «Իրավաբանների հայկական ասոցացիայի» ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակում: