AM
22 December 2017 - 09:20 AMT

Նախագահ․ Կարծում եմ` 6%-ից ավելի տնտեսական աճ է լինելու

2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու», – նշել է նա:

Սարգսյանն ընդգծել է, որ 2017-ի 11 ամսվա կտրվածքով ՀՀ-ն $2 մլրդ արտահանում է ունեցել, ինչը երևէ արձանագրված լավագույն ցուցանիշն է։ Սարգսյանը նշել է նաև, որ ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալներում պատրաստի սննդի արտահանման ծավալը 2012-13 թթ 12-13%-ից հասել է մեկ քառորդի։

Հայաստանի արտահանման ծավալները 2017-ի առաջին 11 ամսում կազմել են $2,013 մլրդ: Հայաստանից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: 2017-ի 10 ամսվա տվյալներով, աճի մոտ 54%-ն ապահովել է հանքարդյունաբերությունը:

Սարգսյանը նշել է նաև, որ ակնկալում է գործարարներից նաև սեփական աշխատանքի բարեփոխում։ «Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը», – ասել է նախագահը: