AM
28 December 2017 - 06:19 AMT

2,5 մլրդ դրամ՝ 2018-ին համայնքների գյուղատնտեսական զարգացմանը

2018 թվականին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով» (CARMAC II) կկատարվի 2,5 մլրդ դրամի ներդրում:

Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հայտարարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

«Տրամադրելու ենք 800 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկա, կատարելու ենք 900 մլն դրամի ջրարբիացման համակարգերի շինարարություն, և միայն 2018 թվականին ներդրվող գումարը կհատի 2,5 մլրդ դրամի սահմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կաթնատվության և գլխաքանակի առնվազն 20% աճ, 15-25 % նոր աշխատատեղերի ավելացում» – նշել է Գեղամ Գևորգյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է նաև, որ մշակվել է «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույց»-ը, որի շնորհիվ 10 մարզային կառույցների աշխատանքն ուղղված կլինի մեկ միասնական գաղափարի իրականացմանը:

Հիմնադրամի կողմից արդեն կազմակերպվել է ավելի քան 40 խմբային դասընթաց, որին մասնակցել է ավելի քան 530 ֆերմեր: Մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկերի ծրագրից օգտվելու համար կազմակերպվել է հավաստագրերի տրամադրման 204 դասընթաց, որին մասնակցել է 5 105 ֆերմեր, 4700–ը արդեն հավաստագրվել է: