AM
19 September 2002 - 17:45 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԱԳԵԼԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել մի շարք բանկային օրենքներում: Ինչպես հայտնել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, այդ փոփոխությունները նպատակաուղղված են ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը: Նա ընդգծել է, որ 2001 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ը բանաձեւ է ստորագրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որին միացել է նաեւ Հայաստանը: «Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ մտցնել ՀՀ օրենքներում»,- նշել է Տ. Սարգսյանը: Այդ փոփոխությունները, ԿԲ-ի ղեկավարի խոսքերով, հնարավորություն են տալիս բանկերին սառեցնել այն հաշիվները, որոնցից միջոցներ են տրամադրվում ահաբեկչության ֆինանսավորման համար: Նա հաղորդել է, որ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, տարածվել են այն ընկերությունների ցուցակները, որոնք կարող են մասնակից լինել ահաբեկչական գործունեությանը: Այդ ցուցակները կան Հայաստանի բոլոր բանկերում եւ վարկային կազմակերպություններում, եւ եթե կասկածի տակ եղած ընկերությունների ներկայացուցիչները փորձեն հաշիվներ բացել հայկական առեւտրային բանկերում, անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ, հայտարարել է ԿԲ ղեկավարը: