AM
22 January 2018 - 08:40 AMT

Amazon-ն առանց դրամարկղերի առաջին սուպերմարկետն է բացել

Համացանցի հսկա Amazon-ը հունվարի 22-ին Սիեթլում առաջին սուպերմարկետն է բացում, որտեղ չկան դրամարկղեր:

Amazon Go սուպերմարկետում բոլոր գնորդները զամբյուղի մեջ են դնում ընտրած ապրանքները, որից հետո հեռանում են խանութից, իսկ գնումների գումարը ավտոմատ կերպով փոխանցվում է Amazon օգտատերի քարտից: Բացի այդ, յուրաքանչյուր դարակի վրա կշեռքներ կան տեղադրված, որոնք գրանցելու են վերցված ապրանքները, գրում է Deutsche Welle-ն:

Խանութ այցելելու համար հարկավոր է հատուկ բջջային հավելված ներբեռնել: Խանութ մտնելիս և գնումների ավարտին հարկավոր է հեռախոսը սկանավորել հատուկ սարքում: Ընտրելով ապրանքը՝ գնորդը պարտադիր չպետք է այն պահի կոդը ընթերցող որևէ սարքի առջև: Amazon-ում պնդում են, որ գնումների ժամանակ դեմքերի տարբերակման համակարգ չի կիրառվում: Ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք խանութ են այցելել մինչև պաշտոնական բացումը, նշել են, որ խանութում տասնյակ տեսախցիկներ են տեղադրված:

Այդպիսի խանութի բացման մասին հայտարարվել էր դեռևս մեկ տարի առաջ: Ըստ չհաստատված տեղեկությունների, տեխնոլոգիան սկզբնական շրջանում վատ էր գործում մարդկանց կուտակումների դեպքում: Հետագայում անսարքությունները հաջողվել է շտկել: