Apple կորպորացիան հայտարարել է 2018 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում հասույթի ռեկորդային ցուցանիշի մասին: Ինչպես ասվում է ընկերության հաշվետվության մեջ, առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2017-ի դեկտեմբերի 30-ին, հասույթն աճել է 13%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով 88,3 մլրդ դոլար:
«Մենք հայտնում ենք Apple-ի պատմության մեջ ամենահաջող եռամսյակի մասին, աճը համատարած էր՝ ներառյալ iPhone Х-ի վաճառքից ստացված գումարը, որը գերազանցեց բոլոր ակնկալիքները»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Apple-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում գերազանցել է 20 մլրդ դոլարը՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12%-ով:
Առաջին եռամսյակում վաճառվել է 77,316 մլն iPhone, ինչը 1,2%-ով պակաս է տարեկան արտահայտմամբ: iPad-ի վաճառքն աճել է մոտ 1%-ով՝ նախորդ ֆինտարվա նույն շրջանի համեմատ՝ 13,17 մլն միավորով: