Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում հաստատել է ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությանը, որով ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Հայաստանում առկա է 22 պոչամբար, որոնց վերամշակման ու հետագա կառավարման հարցը հրատապ է:
Փաստաթուղթը սահմանում է նաև ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:
Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով: