AM
26 February 2018 - 09:28 AMT

Հունվարին մաքսային մուտքերը 20%-ով աճել են

2017 թվականին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը 2016 թվականի համեմատ ավելի է 60,2 մլրդ դրամով կամ 23,4%-ով: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել էՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:

Ըստ նրա՝ արդեն 2018-ի հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով կամ 20%-ով գերազանցում է 2017-ի տարեսկզբի ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը հնարավոր է եղել ապահովել մեքենաների, սարքավորումների և հումքի ներկրման համար սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում:

«Հունվարի 1-ից նոր օրենքի գործարկման արդյունքում 2018-ի հունվարին ներմուծված ավելի քան 13,2 մլրդ դրամի արտադրական մեքենաների և սարքավորումների մաքսային արժեքից չի հաշվարկվել մոտ 2,6 մլրդ դրամի ԱԱՀ: Սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձելու և մի շարք այլ նախաձեռնություններով նվազեցվել է տնտեսվարողների ֆինանսական բեռը»,- ընդգծել է Սամվել Ավետիքյանը:

Սամվել Ավետիքյանի փոխանցմամբ՝ 2018-ին նախատեսվում է ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ:

«Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով ավելացվելու է «կապույտ ուղի», գարծարկվելու են ՊԵԿ-ում կիրառվող էլեկտրոնային կշեռքների, ռենտգենային դիտարկման սարքավորումների տեսապատկերների մշակման և վերլուծության կենտրոնացված համակարգերը, ինչպես նաև առցանց տեղորոշվող (GPRS) միջոցների կիրառման մեխանիզմը», – ասել է Սամվել Ավետիքյանը: