ՀՀ կառավարության մարտի 1-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է բարեկարգել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհը: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,- նշել է վարչապետը:
Հաշվի առնելով, որ բարեկարգման աշխատանքները հարկավոր է սեղմ ժամկետում կատարել, Կարապետյանը հանձնարարել է ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները:
Վարչապետն առաջարկել է նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը 2-ամսյա ժամկետում, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։