ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կազմակերպած «Համայնքի զարգացման նոր ձևաչափ» միջոցառման շրջանակում հայտարարվել է էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին, որն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ գործակցությամբ։ Բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, և արդեն կա ավարտված ծրագիր։
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, և հանգիստ կարելի է այդ քայլին գնալ», – իր խոսքում նշել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր հերթին նշել է. «Համայնքների կայուն և շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարևորագույն և առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող և խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաև կարևորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»։
Նա նաև հավելել է, որ համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին մենակ չեն թողնի և բոլոր հնարավոր ճանապարհներով կաջակցեն՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչև նշված առավելությունները ճիշտ կառավարելու և հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։
Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։