2018-ին ՀԶՀ աջակցությամբ 16.3 միլիոն դոլարի արտահանում և 46.8 միլիոն դոլարի ներդրումներ պետք է ապահովվեն: Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սահմանել է 2018-ի թիրախները։
Հաստատվել է նաև հիմնադրամի նոր անունն ու կորպորատիվ ոճը: Այսուհետ Հայաստանի զարգացման հիմնադրամը հանդես կգա «Բիզնես Արմենիա» անունով:
Այս թեմայով ուղիղ հեռարձակմամբ տեղի է ունեցել «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի մամուլի ասուլիսը:
2018-ին Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կստեղծվի նաև Select Armenia համապարփակ էլհարթակը, որը Invest Armenia և Made in Armenia բաժիններով կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու արտահանման ամբողջ ներուժը, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:
2018-ին «Բիզնես Արմենիայի» կողմից սպասարկվող ընկերությունների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կներդրվի «Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման» CRM համակարգ, Հետսպասարկման թիմին կից կգործի «թեժ գիծ», որը հնարավորություն կտա ավելի արագ արձագանքել արտահանողների և ներդրողների խնդիրներին։
Մոտ 394 000 դոլար դրամաշնորհով կներդրվի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) eRegulations գործիքը, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ Հարթակը և համակարգերը ներդնելու համար Ֆոնդհայթայթման թիմը հաջողությամբ ավարտին է հասցրել ֆինանսավորման բանակցությունները։
«Բիզնես Արմենիայի» հոգաբարձուների խորհուրդը նաև հաստատել է 2017թ. գործունեության արդյունքները։ ՀԶՀ աջակցությամբ 2017-ին հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի, նոր գործարար կապեր է ստեղծել և կնքել ռեկորդային ծավալի՝ 5 միլիարդ 391 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։ Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված 12 գործարար համաժողովի արդյունքում կնքվել է ևս 317 միլիոն դրամի գործարք։ 2017-ի ընթացքում հիմնադրամի ջանքերով Հայաստանում 15.5 միլիոն դոլարի ներդրումային հուշագրեր են կնքվել, ևս 3 միլիոն դոլարի վերաներդրում է կատարվել։
Հիմնադրամի նորաստեղծ Գործարարության աջակցության ակումբի անդամ ընկերությունները 2 ամսից մինչև անժամկետ անվճար և զեղչով խորհրդատվական ծառայություններ են մատուցում արտադրող և ներդրող գործարարներին։ Արդեն տասնյակ ընկերություններ օգտվել են բեռնափոխադրման, իրավաբանական, հաշվապահական, հարկային, բիզնես խորհրդատվական ծառայություններից, գրանցվել է օտարերկրյա կապիտալով 1 նոր ընկերություն։
ՀԶՀ Հետսպասարկման թիմը հավաքել է օտարերկրյա ուղղակի ներդումներով 300 ընկերությունների բազա, բացահայտել և լուծել է 10 խնդիր։ Հիմնադրամն ընդունել է 19 գործարար առաքելություն, իրականացրել 3-ը՝ արտագնա, Լիբանան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, ընդունել է գործարար պատվիրակություններ Իրանից, Լիտվայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։