Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողներին կթույլատրվի 500 կՎտ առավելագույն հզորությամբ տեղակայանքներ ունենալ՝ գործող կարգավորումներով սահմանված 150 կՎտ-ի փոխարեն: Համապատասխան նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով սահմանվում է նաև էլեկտրաէներգետիկական համակարգում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլէներգիայի փոխհոսքերի շրջանակում հատուցում տրամադրելու կարգը: Լրամշակվել են նաև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում հատուցման գումարի չափի հաշվարկման մեխանիզմները:
Ակնկալվում է, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և ՀԷՑ-ի միջև էլէներգիայի փոխհոսքերի ծավալը կաճի, և կբարելավվեն ինքնավար կայաններ շահագործողների սպառման ռեժիմները: