AM
30 March 2018 - 12:23 AMT

Գուլպա՝ 4 օրը մե՞կ, թե՝ տեքստիլի վերաարտահանում

2018 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 43,6 մլն զույգ գուլպա, ինչը 2368%-ով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի 1,845 մլն զույգից։ Փաստացի, ըստ վիճակագրության, գուլպաների ներմուծումը ՀՀ 2 ամսում աճել է 23 անգամ։

Համապատասխան տվյալները մարտի վերջին օրերին հրապարակել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա երկու ամսում Հայաստանում արտադրվել է 1,119 մլն զույգ գուլպա, ինչը 11,4%-ով ավելի է 2017 թվականի առաջին երկու ամսվա ցուցանիշից: Արտադրված և ներկրված գուլպաների թիվը երկու ամսում կազմել է ավելի քան 44,8 մլն զույգ:

Եթե բաժանենք այս թիվը ՀՀ բնակչության թվին (մոտ 2,98 մլն), ապա կստացվի, որ ՀՀ-ում երկու ամսում մեկն շնչին բաժին ընկած գուլպաների թիվը կազմել է 15 զույգ։ Ստացվում է, որ չորս օրը մեկ յուրաքանչյուր հայաստանցի մեկ զույգ գուլպա է գնում, տարեկան՝ 91 զույգ։

Միակ տրամաբանական բացատրությունը գոիլպաների ներմուծման նման աճի, դրանց հետագա վերաարտահանումն է։ ՊԵԿ-ը հրապարակում է երկիր-ապրանք կտրվածքով առևտրի տեղեկագրերը ոչ թե ամսական, այլ կիսամյակային պարբերականությամբ, ինչն օպերատիվ կերպով թույլ չի տա տեսնել՝ ուր են անհետանում գուլպաները։ Սակայն մարտի 30-ին հրապարակված տվյալների համաձայն, մանածագործական իրերի արտահանման աճը կազմել է շուրջ $16,7 մլն՝ ավելանալով 2,3 անգամ։ Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ հենց այստեղ է թաքնվել Հայաստան եկած գուլպաների զգալի մասը։