AM
3 May 2018 - 09:34 AMT

Արևային վահանակներ արտադրող գործարանն արդիականացման արտոնություն է ստացել

Արևային վահանակներ արտադրող գործարանին արդիականացման համար արտոնություններ կտրվեն: Համապատասխան որոշումը կայացվել է գործադիրի մայիսի 3-ի նիստում:

Որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Պրոֆպանել» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու արտոնությունից:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել 697,8 մլն դրամի ներդրում՝ հումք և նյութ, սարքավորումներ ձեռք բերելու համար։ Արդյունքում կստեղծվի մոտ 11 աշխատատեղ` 175.000 դրամ միջին աշխատավարձով:

Կառավարության որոշմամբ բավարարվել է նաև «Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է թեթև արդյունաբերության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է 10,9 մլրդ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի 175 աշխատատեղ՝ 192.000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 23 մլրդ դրամ, որի մի մասը՝ 3,1 մլրդ դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 13,3 մլրդ դրամի արտադրանքը, կարտահանվի ԵՏՄ, իսկ 6,7 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ։

Մայիսի 3-ին կառավարության գործող կազմով վերջին նիստն էր: Մայիսի 8-ին ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, որն էլ կձևավորի նոր կառավարություն: