Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրներրը համատեղ Հռչակագիր են ստորագրել էներգետիկայի ոլորտում Եվրամիության երկրների հետ համագործակցության մասին: Փաստաթուղթը ստորագրվել է ապրիլի 9-ին ՍԾՏՀ անդամ երկրների էներգետիկայի նախարարների հանդիպման եւ էներգետիկայի հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբի նիստի շրջանակներում, որոնք կայացել են Կիեւում ապրիլի 7-9-ին: Ինչպես հաղորդել է աշխատանքային խմբի նախագահող, Ուկրաինայի էներգետիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Պավլուշան, հռչակագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ օրենսդրության եւ կանոնակարգող բազայի ներդաշնակեցման գործընթացի համակարգման մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են առաջարկել ԵՄ-ին միանալ ՍԾՏՀ նպատակներին` տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: