AM
13 July 2018 - 07:48 AMT

ՊԵԿ-ում քրգործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1,5 մլրդ դրամ

2018 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքերով հարուցված քրգործերով պետբյուջե է վերականգնվել ավելի քան 1,5 մլրդ դրամ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բացահայտված հանցագործությունները վերաբերում են խոշոր հարկ վճարողների գործունեությանը, որոնք զբաղված են բնակարանաշինությամբ, ճանապարհաշինությամբ, ապրանքների ներկրմամբ և վաճառքով», – նշել է Դավիթ Անանյանը:

Նա հայտնել է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքագրել է 649 մլրդ դրամ հարկային եկամուտ, որից՝ 496,8 մլրդ դրամը հարկային մարմինների, իսկ 152,9 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից:

«Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պետական բյուջեի եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 88,2 մլրդ դրամ կամ աճել է 15,6%-ով», – ասել է Անանյանը՝ հավելելով, որհավաքագրված գումարների 32,3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին, աճի տեմպը կազմել է 16,3%:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի արդյունքում հուլիսի 1-ի դրությամբ վերականագնվել է 20,6 մլրդ դրամի կամ մոտ $43 մլն-ի վնաս, որից պետական բյուջե էր մուտքագրվել 800 մլն դրամը: