AM
13 July 2018 - 12:29 AMT

Մինասյանը հանդիպել է էներգետիկ և շին.ոլորտում ներդրումների պատրաստ օտարերկրյա գործարարներին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես, նախարարը հանդիպել է եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։

Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունը, ներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։

Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել Բիզնես Արմենիայի և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։