Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունը եւ դեմ է հանդես գալիս ակաբեկչային գործողություններին` անկախ դրանց նպատակներից: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարեդարձի կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը կրկին ցավակցել է ԱՄՆ ղեկավարությանը եւ ժողովրդին` Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Պենսիլվանիայում ահաբեկչությունների արդյունքում կրած կորուստների կապակցությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը միավորվել է ԱՄՆ շուրջը` ամբողջ աշխարհի համար սպառնալիք դարձած չարի դեմ: «Հայաստանը առաջին իսկ օրից միացել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին` իր համեստ ներդրումն ունենալով այդ գործում»,- նշել է Օսկանյանը: Նախարարն ընդգծել է, որ սեպտեմբերի 11-ը նոր իրողությունների սկիզբ է դրել միջազգային ասպարեզում: «Այդ օրը նշանավորվել է նաեւ աննախադեպ միջազգային դաշնության ստեղծմամբ, որտեղ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ միավորվել են մրցակիցներ եւ թշնամիներ, մեծ ու փոքր պետություններ` յուրաքանչյուրը գիտակցելով իր անփոխարինելի դերը այդ գործում»,- ասել է Օսկանյանը: