«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում, այս մասին հայտնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ First Global-ին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ մոտ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել գործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:
Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել և ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:
Հայաստանյան թիմում ընդգրկված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար):
«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից: Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 160-ի, որտեղ սովորում են ավելի քան 3500 դպրոցական: ԻՏՁՄ ծրագրում է ժամանակակից ՏՏ կրթության հնարավորություն ստեղծել ՀՀ բոլոր դպրոցականների համար:






