Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման կոմիտեի նիստում Ադրբեջանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկվել Եվրախորհրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Նիստի մասնակիցները, որտեղ լսվել է Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկույցը, ծայրահեղ բացասական են գնահատել Ադրբեջանում քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը: Զեկույցում բացասական են գնահատվել նաեւ երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ օգոստոսի 24-ին անցկացված հանրաքվեի արդյունքները: Նկատողություններ են արվել նաեւ Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման փաստերի առնչությամբ: Բացի այդ նիստում նշվել է, որ չնայած Ադրբեջանում մի շարք կարեւոր օրենքների ընդունմանը, գործնականում, դրանք չեն կիրառվում: