ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ հաստատվել են Հայաստանի անտառամերձ համայնքներում իրականացվելիք դրամաշնորհային տարբեր ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների հիմնման, քաղաքացիներին եկամտային աղբյուրներով ապահովելու, էկոտուրիզմի զարգացման և այլ ուղղություններով, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Անտառամերձ գոտիներում ապօրինի ծառահատումների խնդրի կարգավորման առումով կարևորվել է պատկան մարմինների համակարգված և արդյունավետ գործունեությունը, զուգահեռ նաև մարզերում սոցիալտնտեսական միջոցառումների իրականացումը:
Նշվել է նաև, որ այժմ քննարկվում է ապօրինի անտառհատումների պատասխանատվության խստացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման հարցը, դիտարկվում է անտառներում 24-ժամյա հսկողություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ ապօրինի անտառհատումների հետևանքով յուրաքանչյուր տարի պետությանը պատճառվում են մեծ ծավալների վնասներ:
Միայն 2017-2018 թվականների ընթացքում ապօրինի հատվել է 28,000 ծառ և պատճառվել 2,2 մլրդ դրամի վնաս: