AM
9 August 2018 - 08:55 AMT

Կհրապարակվի ապրանքների չափաքանակի ցանկը, որոնց համար մաքսատուրք չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 9-ի նիստում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է հրապարակել և ԶԼՄ-ների միջոցով տարածել մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների քանակական և քաշային այն նորմերի ցանկը, որոնց համար մաքսային վճարներ չեն սահմանվում:

«Սա մեր հակակոռուպցիոն քաղաքականության մի մասն է: Ուզում եմ, որ մեր հայրենակիցներն իմանան, որ մաքսային սահմանով տեղափոխվող և մաքսազերծում չենթադրող այդպիսի ապրանքների չափաքանակը բարձրացել է: Քաղաքացին պետք է իմանա, որ օրենքով սահմանված չափաքանակով այդ ապրանքները ՀՀ բերելու համար որևէ կոռուպցիոն գործարք փնտրելու անհրաժեշտություն չկա», – ասել է Փաշինյանը:

Նիստի ընթացքում հաստատվել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից երկիր ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն վերանայման վերաբերյալ որոշումը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանահատման ընթացակարգերի շարունակական պարզեցմանը, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ներմուծումներին առնչվող դրույթների առավելագույնս հստակեցմանը և կարգավորմանը:

Նա հավելել է, որ որոշում ուժի մեջ է մտնում ընդունվելուց 10 օր անց: