AM
15 August 2018 - 06:39 AMT

OPIC-ը ՀՀ-ում է՝ ամերիկյան ներդրումները խթանելու նպատակով

ԱՄՆ կառավարությանն առընթեր «Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի» (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Պատվիրակությունը հանդիպել է բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ներկայացուցիչների և OPIC-ի շահառուների հետ: Սա Կովկասում ամերիկյան ներդրումների խթանման, գործընկերությունների ամրապնդման և տնտեսական աճի ու կայունության հանգեցնող գործարար կապերի խորացման հնարավորություններ գտնելուն ուղղված տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր:

Պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:

«Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան: Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար», – ասել է Բոհիգյանը:

Նա նաև ելույթ է ունեցել Gazelle Fund-ի հայաստանյան ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը: Gazelle Fund-ը OPIC-ի աջակցությամբ գործող ներդրումային հիմնադրամ է, որը կոմերցիոն տեսանկյունից կենսունակ փոքր ու միջին ձեռնարկություններում (հիմնականում՝ գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ոլորտից) ապահովում է աճին և ընդլայնմանն ուղղված ներդրումներ: Վարկային ծրագրի դրամական հոսքերի օգտագործմամբ, որոնք սկզբնապես ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ վարկային ծրագրով, Gazelle Fund-ը լրացնում է այն բացը, որ կա արագ աճող փոքր ձեռնարկությունների ընդլայնումը ֆինանսավորելու ասպարեզում:

OPIC-ը ամերիկյան պետական ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է զարգացմանը՝ մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը և ուղղորդելով այն զարգացման ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարմանը և դրա հետ մեկտեղ առաջ մղելով ամերիկյան արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգության գերակայությունները: Քանի որ OPIC-ը աշխատում է մասնավոր հատվածի հետ, այն օգնում է ամերիկյան ընկերություններին տեղ զբաղեցնել զարգացող շուկաներում՝ զարկ տալով եկամուտներին, աշխատատեղերի ձևավորմանն ու աճին թե ԱՄՆ-ում, և թե արտասահմանում: OPIC-ն իր առաքելությունն իրականացնում է ներդրողներին ֆինանսավորում տրամադրելու, քաղաքական ռիսկերը ապահովագրելու և կոմերցիոն ֆինանսավորման այլ աղբյուրների բացակայության պարագայում մասնավոր ներդրումային հիմնադրամներին աջակցելու միջոցով: 1974թ. հիմնադրվելով որպես պետական կառույց OPIC-ը մշտապես գործել է ինքնածախսածածկմամբ՝ առանց հարկատուների ռեսուրսների օգտագործման:

OPIC-ի բոլոր ծրագրերի համար առանցքային են բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր ստանդարտների ապահովումը և հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում աշխատողների իրավունքների հանդեպ: Պահանջելով բարձր ստանդարտներ OPIC-ը նպատակ ունի բարձրացնել ոլորտային ու տարածքային ստանդարտներն այն երկրներում, որտեղ ծրագրեր է իրականացնում: OPIC-ի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 160 երկրների նոր ու ընդլայնվող բազմաթիվ ձեռնարկությունների համար: