Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որոնք առնչվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար ստանձնած պարտավորություններին: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, առաջարկվում է փոփոխություններ եւ ավելացումներ մտցնել ՀՀ Մաքսային օրենսգրքում եւ «Ավելացված արժեքի հարկի» ու «Ակցիզային հարկի» վերաբերյալ օրենքներում: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ երկրների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի տնտեսական օրենսդրության մոտ 250 հարց, ընդ որում 245 կետերով այն բավարարում է կազմակերպության պահանջներին: «Մնացել է կոնկրետացնել մի քանի հարց, որոնց թվում են նաեւ առաջարկվող փոփոխությունները»,- ասել է փոխնախարարը: Հիշեցնենք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու հարցը կորոշվի 2002 թվականի հոկտեմբերի 15-ին ԱՀԿ բարձրագույն մարմնի նիստում: