AM
3 October 2018 - 13:17 AMT

Ամերիաբանկը և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը:

«Սա ևս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների և բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը», – նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

Ամերիաբանկի և FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 2009թ-ին, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրեց վարկ`Հայաստանում ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախա գծերի ֆինանսավորման նպատակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր և արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը», – նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը: