Վառելիքի շուկայում առաջիկայում կլինեն նոր խաղացողներ: Այդ մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Վառելիքի շուկաներն այլևս արհեստական մենաշնորհներով չեն կառավարվում, արտասահմանյան ընկերությունները հետաքրքրված են, եթե ոչ այսօր, ապա առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ»,- նշել է նա, հայտնում է Araratnews-ը։
Նախարարի խոսքով՝ վառելիքի գնի նվազումը մի շարք հանգամանքների հետ է կապված․ «Վերջին շրջանում նկատվում է վառելիքի գնի նվազեցում, դրա մի մասը պայմանավորված է միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մի մասը պայմանավորված է այն սպասումներով, որ ներկայումս մրցակցությունն ավելի բարձր է, եւ ավելի ազատական են շուկաները»։
Հունվարի 15-ի Երևանի ավագանու արտահերթ նիստում միաձայն հաստատվել է փոքր և միջին բիզնեսին տեղական տուրքերի արտոնություն տալու նախագիծը, ըստ որի 115 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողները 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի արտոնություն կունենան:Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափը կնվազի 58.3%-ի չափով: