AM
5 February 2019 - 09:25 AMT

25,000 փոքր ու միջին բիզնեսի մոտ 3 անգամ ավելի մատչելի գնով ՀԴՄ կտրամադրվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանդիպել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ. որոշվել է, որ 25,000 փոքր ու միջին բիզնեսի ՀԴՄ կտրամադրվի մոտ 3 անգամ ավելի մատչելի գնով:

«Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160,000 դրամի փոխարեն 60,000 դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել 2019 թվականի հունվարի 1-ից: Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի», – գրել է վարչապետը:

Նա հավելել է նաև, որ որ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, որոնք արդեն 160,000 դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

«ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ բացի համանուն ՊՈԱԿ-ից կարող են ձեռքբերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է», – եզրափակել է վարչապետը: