AM
8 February 2019 - 12:21 AMT

Նախարար. 2023-ին ներդրումների զուտ աճը պետք է հասնի 23-25%-ի

Կառավարության ծրագրում երկու կարևոր ցուցանիշ կա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրանն Խաչատրյանը՝ հավելելով, որ դրանցից մեկը ներդրումների զուտ աճն է:

«Այդ ցուցանիշը 2023-ին պետք է հասնի 23-25% մակարդակի», – ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

«Կառավարությունը հայտարարել էր, որ տնտեսական աճի շարժիչը կամ ուղղորդողը լինելու է ապրանքի արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը։ Ունենք 38 %-ի չափ արտահանում, հայտարարվել է, որ դրանց կշիռը կհասնի 43%-ի», – ասել է նա:

Նա հավելել է, որ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի մասնակիցները: «Կառավարությունն այդ մեծ խաղի կարևոր կազմակերպիչն ու մասնակիցն է ու պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախագծերը կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի», – ասել է նա։ Նա ասել է, թե իրեց ցանկությունն է, որ ապահովվեն այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը լինի էապես բարձր։

«Բայց ամեն ինչ պետք է ունենա հիմք, իսկ հիմքը ներդրումներն են, եթե կառավարությանը հաջողվի, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա, ապա վստահ եղեք, որ մենք խոսելու ենք ավելի բարձր աճի մասին», – ասել է Խաչատրյանը։

Նախարարը համաձայն չէ այն դիտարկումների հետ, ըստ որի՝ կառավարության ծրագիրը «բաժակաճառերի ծրագիր է»։ «Սկզբունքորեն համաձայն չեմ, ովքեր այդպիսի որակումներ են տալիս, կարծում եմ, բավականաչափ ուշադիր չեն կարդացել ծրագիրը», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Փետրվարի 8-ին գործադիրի արտահերթ նիստում հաստատվել է կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով, որտեղ կքննարկվի փետրվարի 12-ին: