AM
3 September 2002 - 15:08 AMT

ՆՈՅԵՄԲԵՐԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՏՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՐՏԵՐ

Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից հետո աշխատանքի կամ ուսման նպատակով Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն հատուկ միգրացիոն քարտ ձեռք բերել: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Ռուսաստանի ներքին գործերի դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավար Եվգենի Չերնեցովը, նման քարտերի կիրառումը պայմանավորված է նրանով, որ շատ պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի, քաղաքացիները հաճախ փորձում են մեկնել արտասահման ժամկետանց կամ այլ խախտումներով անձնագրերով: Քարտերը բաղկացած կլինեն երկու մասից, որոնցից մեկը կպահվի Ռուսաստանի ներքին գործերի մարմիններում, իսկ երկրորդը կմնա արտասահմանցիների ձեռքին` հաստատելով Ռուսաստանում գնվելու նրանց իրավունքը: Այդ քարտում կնշվեն արտասահմանցու անձնագրային տվյալները, ինչպես նաեւ Ռուսաստան ժամանելու նրա նպատակը: Նախատեսվում է, որ ժամանածների տարբեր կատեգորիաների` ուսանողների, աշխատավոր գաղթականների, զբոսաշրջիկների եւ մյուսների համար քարտերը կլինեն տարբեր գույների: Նման քարտեր պետք չի լինի ստանալ այն անձանց, որոնք կժամանեն Ռուսաստան կարճ ժամանակով` որպես հյուր, հարսանիքի կամ թաղման եւ այլն, ընդգծել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը: