AM
4 March 2019 - 11:24 AMT

Մելքումյան. 2020-ի հունվարի 1-ից մեքենաները կթանկանան

2020 թ հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Այդ մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա գումարած նիստում ասել է հանձնաժաղովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա գումարած նիստում քննարկում էր Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները:

Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն, անդրադառնալով մաքսատուրքերի հարցին, նշել է, որ մաքսատուրքերը, որոնք երրորդ երկրների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառող արժեքային գործիք են և նպատակ ունեն պաշտպանել ներքին տարածքն ու ներքին արտադրողներին, հայտնում է Panorama.am-ը:

Մելքումյանը հիշեցրել է, որ 2017-ին ԵՏՄ մաս կազմող Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 հազարից ավելի ավտոմեքենա, իսկ 2018-ին՝ 65 հազար ավտոմեքենա,

«Ճիշտ չի՞ լինի, որ մենք դիմենք ԵՏՄ-ին և առաջարկենք, որ հինգ տարով մաքսատուրքերը Հայաստանի համար չբարձրանան»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է նաև, որ բացի սրանից թռչնամսի ներկրումը 2020-ին դառնալու է 25 տոկոս. «2021 թվականին 50 տոկոս, հետագայում 80 տոկոս։ Պարոն նախարար, չե՞ք գտնում, որ մենք պետք է շուտ միջոցներ ձեռնարկենք, այս հարցերը քննարկենք»։

Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Ձեր նշած բոլոր դեպքերի համար մենք խոսում ենք այն արտոնյալ ժամանակահատվածի մասին, որը ՀՀ-ին տրվել էր անդամակցության ճանապարհն անցնելու հետ կապված։ Մենք կարող ենք բանակցել այդ արտոնյալ ժամանակահատվածն ավելացնելու ուղղությամբ: Այդ բանակցությունն արդեն մի անգամ եղել է»։

2019-ի հունվարի 1-ից Հայաստան ադամանդյա և ոսկյա իրերի ներկրման դեպքում կիրառվելու է 3 %-ոց մաքսատուրք: Այդ մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: